Անտրամաբանական քայլեր՝ արդեն ընդդիմության կողմից
ՎերլուծականԱյսօր ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանն իր սպառազինությամբ շատ է զիջում Ադրբեջանին։
Որպես հիմնավորում Փաշինյանը նշեց, որ Թուրքիան ձեռք է բերել C 400 համակարգեր, այն էլ՝ Ռուսաստանից։ Կարծես պատգամավորը սպառազինության հավասարակշռության առումով մեղքը բարդեց հենց Ռուսաստանի վրա, այն ինչ Ռուսաստանը զենքի համաշխարհային առևտրում ամենալուրջ խաղացողն է, և ռուս-թուրքական առևտրային հարաբերությունները տեղայնացնել և Արցախյան խնդիրը հիմնական դրդապատճառ համարել այս համագործակցության համար, ամենաքիչը, խելամիտ չէ։
Որքան էլ թուրքական ֆակտորը մեծ դերակատարում ունի Ղարաբաղյան հիմնահարցում, և հարկ եղած դեպքում Թուրքիայի ողջ սպառազինությունը կուղղվի Արցախի ուղղությամբ, միևնույն է, ռացիոնալ չէ հայ-ադրբեջանական սպառազինության հավասարակշռության դիսկուրսում դիտարկել Թուրքիայի սպառազինությունը։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար հերթական էմոցիանալ ելույթը երաշխավորելու համար, միգուցե, նման անտրամաբանական փաստարկները նույնքան անտրամաբանական հիմնավորումներ գտնեն, ինչպես և եղավ այսօր։
Նիկոլ Փաշինյանի ելույթը շփոթություններ առաջացրեց նաև ԵԼՔ-ի արտաքին դիրքորոշման հարցում։ ԵԼՔ-ի պատգամավորները՝ հանձինս Գևորգ Գորգիսյանի և Արամ Սարգսյանի, այսօր կայացած նիստի ժամանակ բազմիցս նշեցին, որ Հայաստանին տեսնում են որպես ինքնուրույն դերակատար, և սխալ է հույսը դնել Ռուսաստանի կամ մեկ այլ պետության վրա։
ԵԼՔ-ը այս մոտեցումը ի սկզբանե հստակեցրել է, սակայն, Նիկոլ Փաշինյանի մտավախությունը առ այն, որ Ադրբեջանը ի դեմս Թուրքիայի ունի ամուր հենարան, իսկ Հայաստանը անպաշտպան է, նշանակում է՝ Փաշինյանը ամեն դեպքում զգում է արտաքին օժանդակության կարիք, ինչը, միանշանակ, տրամաբանական է։ Ինչևէ, փաստացի, հայ հանրությունը ականատես է լինում, որ գործընկերների միջև տարընթերցումը գնալով ավելի լուրջ դրսևուրումներ է գտնում տարբեր հարթակներում։
Վաչիկ Գրիգորյան