Սա հեղինակության հանդիպում է երկու թիմերի համար էլ. Արթուր Պետրոսյան
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով՝ ղազախները Հայաստանի դեմ խաղում հաղթական են տրամադրված:
«Սա ղազախների վերջին տնային հանդիպումն է, և նրանք տրամադրված են հաղթանակի: Սա հեղինակության հանդիպում է երկու թիմերի համար էլ: Մեր նախորդ խաղում որոշիչ եղավ Հենրիխ Մխիթարյանի գործոնը: Միանշանակ է այն, որ Մխիթարյանը իսկական պրոֆեսիոնալ է: Այս խաղում մենք փորձարկումներ չենք անելու: Նախորդ ցավալի պարտությունը դժվար լինի մոռանալ, բայց մենք թիմում խոսել ենք այդ մասին»,-լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետրոսյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ ինքը չի խնայելու Մխիթարյանին և կիսապաշտպանը կխաղա: «Ղազախստանի հավաքականը լավ մարզչական շտաբ ունի»,-ասել է Պետրոսյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ Աստանայում՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: