Ալավերդու քաղաքապետը՝ ընտրություններին չառաջադրվելու պատճառների մասին
ПолитическиеՆոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաեւ ՀՀ Լոռու մարզում: Կառավարության խոշորացման ծրագրով Ալավերդի համայնքային փնջում պետք է խոշորացվեն Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ համայնքները՝ կենտրոնը՝ Ալավերդի: Արդեն իսկ հայտնի է, սակայն, որ նոյեմբերի 5-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուների մեջ բացակայում է Ալավերդու գործող քաղաքապետի՝ Կարեն Փարեմուզյանի անունը: Իշխող կուսակցությունը ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանի փոխարեն առաջադրել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի թեկնածությունը: Վերջինիս հետ Ալավերդի համայնքային փնջի ղեկավարի աթոռի համար կպայքարի միայն ինքնառաջադրված, անկուսակցական Նիկոլայ Դավթյանը:
Ինչո՞ւ Ալավերդու գործող քաղաքապետի անունը չկա թեկնածուների ցանկում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պատճառների մասին փորձեց հետաքրքրվել հենց գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանից:
Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ ինքը ՀՀԿ-ական է և քաղաքապետի՝ ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածուի հետ որևէ կոնֆլիկտ չունի.
«Ես ՀՀԿ թիմի անդամ եմ: ՀՀԿ-ն իր այդ որոշումը համաձայնեցրել է ինձ հետ, և ես սատարում եմ ՀՀԿ-ի թեկնածուին: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, որովհետև անցնելու եմ այլ աշխատանքի: Ինչ է, ես իրավունք չունե՞մ այլ աշխատանքի անցնելու»,- նշեց Փարեմուզյանը:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կստեղծվեն 52 խոշորացված համայնքներ: Լոռու մարզում Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանի՝ թվով 61 համայնքներ կմիավորվեն և կստեղծվի 10 խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: