Պաշտոնյաների զավակները՝ կրկին արտոնյալ վիճակո՞ւմ
АналитическийԱյսօր խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է։ Օրենքի նախագիծը, ընդունվելու դեպքում, պետք է փոխարինի այժմ գործող «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներին։ Օրենքի նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ նման օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով։
Այս նախագծով նոր լուծում է տրվում ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալուն: Սա նշանակում է, որ օրենքի ընդունման դեպքում կարող են զինվորական ծառայությունից տարկետում ստանալ ոչ թե ուսանողները, ովքեր ընդունվել են պետպատվերով տեղերում, այլ միայն Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները, պատգամավորները և նրանք, ում համար կառավարությունն առանձին որոշում կկայացնի: Այժմ հարց է առաջանում՝ եթե Վիգեն Սարգսյանն ամեն դեպքում բանակը համալրելու նպատակով դիմում է քաղաքացիների կրթության իրավունքի ոտնահարմանը, ապա ինչո՞ւ է նման բացառություններ սահմանում: Արդյո՞ք կառավարության որոշմամբ տարկետում ստացողները չեն լինելու հենց այդ կառավարության մաս կազմող պաշտոնյաների զավակները, ո՞վ է բացառելու խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքը՝ այդ որոշումներն ընդունելիս: Դրանով միաժամանակ կասկածի տակ է դրվելու տարկետման տրամադրման ողջ գործընթացի թափանցիկությունը: Մինչդեռ՝ Ազգ-բանակ հայեցակարգը, որքանով հիշում ենք, հիմնվելու էր կամավորության և թափանցիկության վրա: Այժմ իր զավակին իրավական հիմք հաղորդելով, Վիգեն Սարգսյանը այն զրկում է միաժամանակ երկուսից էլ:
Ստելլա Խաչատրյան