Պուպուշ տղաներով ռեֆորմներ չեն իրականացվում...
АналитическийԵրբ ՀՀ մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը, քիչ չէին մարդիկ, ովքեր նրա հետ որոշ հույսեր էին կապում, ավելին, անգամ համոզված էին, որ նա կկարողանա բարեփոխել համակարգը: Հետաքրքիրն այն է, որ լավատեսության միակ հիմքը նրա պուպուշ լինելն էր եւ մանկական ժպիտը: Խոստովանենք, որ այսօր կառավարությունում, եզակի բացառություններով, պատահական եւ քաղաքականությունից ու Հայաստանում տեղի ունեցած անցուդարձից հեռու կանգնած մարդիկ են: Նրանք հայտնվեցին կառավարությունում, երբ մենք չգիտեինք, թե ովքեր են նրանք եւ ինչ պատկերացումներ ունեն երկրի զարգացման, իրենց ղեկավարած ոլորտի վերաբերյալ: Բացառություն չէ Արմեն Ամիրյանը: Հիմնվելով միայն նրա «պուպուշիկ» լինելու, նույնիսկ համեմատաբար երիտասարդ լինելու վրա, ոմանք վստահ էին, որ ինչ-ինչ, բայց նա արգելելու, փակելու, վերահսկելու, ճնշելու հետ որեւէ կապ չի կարող ունենալ: Արմեն Ամիրյանի ժպիտի ետեւում, սակայն, պարզվում է՝ թաքնված է խորհրդային բռնաճնշիչ պոլիտբյուրոյականը:
Նա հայտարարում է, թե Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Նախ, սկսենք նրանից, թե ինչու պետք է Մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ներ ունենա, եւ հետո՝ նրանք ինչու պետք է ցուցահանդեսները համաձայնեցնեն նախարարի, նախարարության հետ: Տպավորություն է, թե Արմեն Ամիրյանը մնացել է 1989 թվականում եւ այդպես էլ ոտք չի դրել անկախ եւ ազատ Հայաստան: Ամիրյանի մյուս գլուխգործոցը «Խավարում» ցուցահանդեսն արգելելն էր: Անհարմար վիճակից դուրս գալու համար Ամիրյանը խոստացավ, որ այն շուտով կվերաբացվի, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ կազմակերպչական: Երեկ, սակայն, Ամիրյանը շտապեց դրժել իր իսկ տված խոստումը, հայտարարելով, որ ցուցահանդեսի բացում ակնկալել պետք չէ: Ինչ խոսք՝ մարդուն չես մեղադրի. մի բռնաճնշվածն էլ ինքն է, քանզի նման ստահոդ արդարացումներից, «կրուտիտներից» հետո ակնհայտ է՝ ցուցահանդեսը արգելելու որոշումը Ամիրյանը չի կայացրել, ավելին՝ այն անգամ Հայաստանում չի կայացվել: Բայց այս փաստը Ամիրյանին որևէ կերպ անհարմար դրությունից չի փրկում: Մենք վերջին օրերի ընթացքում համոզվեցինք, որ բարի ժպիտով Արմեն Ամիրյանը բարեփոխիչ չէ: Ընդհակառակը, նա գրաքննիչ է՝ բառի ամենավատ իմաստով: Նա ցուցահանդես փակող է: Նա կինոփառատոնից ֆիլմ հանող է: Մոտ մեկ տարի է, ինչ նախարար է, եւ չկա մեկը, որ կարող է մատնացույց անել մի դրական տեղաշարժ, մի ռեֆորմիկ նրա ղեկավարած ոլորտում: Կոմսոմոլից մշակութային բարեփոխում սպասելը չարդարացված լավատեսություն է:
Ստելլա Խաչատրյան