Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է
Արտաքին ՔաղաքականՀայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վաղ թե ուշ ստորագրվելու է: Պրոցեսի ձգձգման պատճառը ոչ թե քաղաքական, այլ ավելի շատ տեխնիկական բնույթ ունի:
Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ համաձայնագրի տեքստն արդեն հրապարակված է, եւ դրա հետ կապված՝ կողմերը տարակարծություններ չունեն: «Չնայած այն փաստին, որ քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ փոխվել վերջին րոպեին, ես համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում»,-ասաց նա:
Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն էլ համաձայնագրի հետաձգման համար որպես պատճառ բերեց Կատալոնիայում քաղաքական իրավիճակը: «Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Ամեն ինչ ավելի պարզ կլինի, երբ Կատալոնիայում վերանա ճգնաժամը»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա կարեւորեց այն փաստը, որ հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից եւ համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել նաեւ «և-և»-ը:
Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին: