Նոր նախագծով գրավառուն պարտավորվում է պատշաճ ձևով ծանուցել գրավատուին
ՀասարակությունԿառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ և չափ, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը և գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին:
«Օրինագծով նախատեսվում են, մասնավորապես, հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ ամրագրվում է գրավառուի պարտականությունը պատշաճ ձևով ծանուցելու գրավատուին (պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ) գրավի առարկայի` ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, պարտավորության մարման չափի, պարտքի մնացորդի մասին, նախատեսվում է պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափ, Ֆինանսական համակարգի հաշտարարին ևս ընձեռվում է պարտավորության խախտման հետևանքներին տուժանքի ակնհայտ անհամաչափ լինելու դեպքում այն պակասեցնելու իրավասություն», - ասաց նախարարը: