Աղքատներն ավելի են աղքատանում. 2018թ.-ի բյուջեից ավելին սպասել չի կարելի
ЭкономикаԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե այնպես չէ, որ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ և աշխատավարձ չեն բարձրացրել՝ նկատեց, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացնում, սակայն դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում:
Նշենք՝ թեև Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելիս հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, սակայն հիմա՝ 1 տարի անց, իրավիճակը որակել էր հեռանկարային ու կառավարելի։
«Պետությունը պարտավոր է նվազագույն պայմաններ ապահովել հատկապես բնակչության խոցելի խավերի համար: Կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի մասով՝ պիտի ասեմ, որ դեռևս չի հաջողվում ապահովել կենսաապահովման զամբյուղի նվազագույն սահմանը: Այդ առումով անելիքներ շատ կան, ուզում եմ ենթադրել, որ վարչապետը մտահոգված է այդ հարցերով, սակայն ստեղծված պայմաններում սահմանափակ միջոցները թույլ չեն տալիս գնալ դեպի շոշափելի ավելացման»,- նկատեց Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքով՝ մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել՝ չնկատել, չլսել, խորհուրդներն անտեսել. «Հայության մտավոր կարողությունն օգտագործում են ղազախները, ռուսները, բոլորը՝ բացի ՀՀ կառավարությունից, իսկ մենք մեր ներուժը չենք կարողանում օգտագործել»,- ասաց նա:
«Հայաստանի պես կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում տեսանելի է նաև մի հանգամանք, որ բնակչության առանձին խմբերի դիրքերը կարող են բարելավված լինել: Մասնավորապես՝ հարուստները կարող են ավելի հարստանալ, կարծում եմ՝ չպետք է բացառել նաև հակառակը, որ աղքատներն ավելի են աղքատանում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կա բնակչության զանգված, ովքեր լրացուցիչ եկամտի աղբյուրներ չունեն գոյատևման համար:
Անդրադառնալով 2018թ. բյուջեին՝ տնտեսագետը նշեց. «2018-ի բյուջեն, եղած պայմաններում, առկա հնարավորությունների բյուջե է, դրանից ավել՝ այս պահին սպասել չի կարելի: Միակ ցուցանիշը, որը պետք է գերազանցել՝ 4,5 տոկոս նախանշված տնտեսական աճն է: Եթե կառավարման համակարգն ավելի արդյունավետ գործի կադրային քաղաքականության մասով, եթե մենք ճիշտ մարդիկ ունենաք ճիշտ տեղերում՝ մեզ կհաջողվի երկնիշ ցուցանիշ ունենալ՝ առայժմ ոչ թե տնտեսական աճի, այլ վերականգնողական աճի»,- հավելեց Մանասերյանը: