Նոր զարգացում՝ «Օֆշորի գործով»
Փաստինֆո-ն գրում է. Հասարակական մեծ հնչեղություն ունեցող «Օֆշորի գործով» վերաքննիչ բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ: Ընդ որում, երկու բողոք է ներկայացվել՝ նաև առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի շահերը պաշտպանած պաշտպան Յուրիկ Խաչատրյանի, ինչպես նաև գործում նոր ներգրավված պաշտպան Կարեն Հակոբյանի կողմից:
Այսպես, պաշտպան Յուրիկ Խաչատրյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը, և դատապարտվել 16 տարվա ազատազրկման՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափով գույքի բռնագրավմամբ:
Պաշտպանը միջնորդում է Աշոտ Սուքիասյանին ճանաչել անպարտ և արդարացնել, վերացնել վճիռը քաղաքացիական հայցերը բավարարելու մասով, իսկ դրա համար բավարար հիմքեր չգտնելու դեպքում գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:
Կամ պաշտպանը միջնորդում է բեկանել դատավճիռը և վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները, իսկ նշված հոդվածներով մեղավոր ճանաչելը հաստատված համարելու դեպքում վերջնական պատժաչափը նվազեցնել:
Իսկ պաշտպան Կարեն Հակոբյանն իր վերաքննիչ բողոքում միջնորդում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, հռչակել Աշոտ Սուքիասյանի անմեղությունը: Արդարացնելու մասով բողոքը մերժելու դեպքում` բեկանել և փոփոխել դատավճիռը պատժի մասով, նշանակել ավելի մեղմ պատիժ կամ ամբողջությամբ բեկանելով՝ ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վերաքննիչ բողոքների գործն արդեն մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Անդրանիկ Մնացականյանին (նախագահող դատավոր), Նարինե Հովակիմյանին և Կարեն Մարդանյանին: