«Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունն ընդունել է, որ հաղորդումներից մեկում Հայաստանի և ՀՀԿ-ի հասցեին ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել
PoliticalՌուսական «Զվեզդա» հեռուսաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ Հայաստանի, Հայաստանի իշխող կուսակցության հասցեին ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ հաղորդման ժամանակ Հայաստանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գարեգին Նժդեհի հասցեին հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ անկախ նրանից, թե որտեղից ինչ գնահատականներ կհնչեն՝ Գարեգին Նժգեհը հայ ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ում շնորհիվ հայ ժողովուրդն ունի Սյունիքը, ում շնորհիվ փառապանծ հաղթանակ է տոնել Ղարաքիլիսայի ճակատամարտում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել Սարդարապատի թիկունքը 1918թ. ճակատամարտի ժամանակ: «Նժդեհը հայ ժողովրդի համար մեծագույն հերոսներից մեկն է, և մեր ազգի համար ունի նույն նշանակությունը, ինչ, օրինակ, բարեկամ ռուս ժողովրդի համար Ալեքսանդր Սուվորովը»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: