«Ամաչում եմ կառավարության տեղը և հենց կառավարությունից». Արտակ Ալեքսանյան
BlogosphereՀայտնի լրագրող Արտակ Ալեքսանյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Շատ տևական ժամանակ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը եկամտահարկի վերադարձն էր այն քաղաքացիների համար, ովքեր ձեռք են բերել բնակարաններ կառուցողապատողից: Այսօր կառավարությունը հայտարարել է, որ փոխում է օրենքը, և այն հասանելի չի դառնա այն քաղաքացիների համար, ովքեր ունեն բնակարան: Պարզ է, որ դա գործնականում նշանակում է հրաժարվել այս արտոնությունից, որովհետև ցանկացած չափահաս մարդ որևէ տեղ գրանցված է, ունի բնակարան (սովորաբար դա ծնողների բնակարանն է): Այսինքն՝ այս փոփոխությամբ կառավարությունը գործնականում հրաժարվում է բարեփոխումից: Դա նշանակում է, որ այն երիտասարդ մասնագետները, ովքեր կարող էին և ցանկանում էին մասնակցել ՀՀ նախագահի բնակարանաշինական ծրագրերին, այլևս չեն մասնակցի, որովհետև իմաստ չկա: Դա նշանակում է, որ շինարարարական բիզնեսը, որ դեռ նույնիսկ զրոյական ցուցանիշի չի հասել, վերջնականապես թաղվելու է: Ես համաձայն չեմ Վարդան Արամյանի հետ: Այդ գումարները չեն մսխվում, ու հետո դրանք բյուջեի վրա ո՛չ ծանրաբեռնվածություն են, ո՛չ էլ դրանով հնարավոր է բյուջեի դեֆիցիտ փակել: Այո, մարդը պետք է ձեռք բերի երկրորդ բնակարան, որովհետև առաջինում ծնողներն են, կամ փոքր է: Շատ ափսոս, որ, ինչպես վարչապետն էր հայտարարել, բյուջետային հատկացումները ռացիոնալիզացնելու փոխարեն աբորտ են անում մի ծրագիր, որը և՛ աշխատում էր, և՛ արդյունք էր տալիս և, ի վերջո, շատերին ոգեշնչում էր ունենալ ամբիցիա, մտածել ապագայի մասին, պետության հետ սոցիալական գործարքի գնալ` իր կյանքն ու գործունեությունը կապելով երկրի հետ: Ի դեպ՝ սա չեմ գրում ջղայնացած, գրում եմ հիասթափված: Եվ ամաչում եմ կառավարության տեղը և հենց կառավարությունից: Ամոթ Ձեզ: