Կարագը թանկ է, հարկավոր չէ
ЭкономикаՎերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների թանկացումներ են նկատվում, հատկապես ձվի, կարագի, բենզինի, մսի, ձկնամթերքի շուկաներում: Թանկացման ռեկորդային աճ է գրանցել կարագը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կարագը թանկացել է մոտ 40%-ով։
ԼՈւՐԵՐ.com-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեց ճշտել՝ կարագի շուկայում որքանո՞վ է գնաճ արձանագրվել, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ քայլերի է դիմելու հանձնաժողովը: Մեզ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը հայտնեց, որ հանձնաժողովը վերջին օրերի ընթացքում արձանագրել է կարագի թանկացում․ «Կարագի շուկայում արձանագրված գնային բարձրացումը պայմանավորված է «Նոր զելանդական» կարագի միջազգային էական գնաճով: Եթե 1 կգ «Նոր զելանդական» կարագի մանրածախ վաճառքի գները մեր երկրում 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմել են մոտ 3000 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած՝ 1 կգ գինը մինչև հոկտեմբերի վերջ աստիճանաբար հասել է 4500 դրամի: Վերջին մեկ ամսվա ընթացքում գինը եղել է կայուն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես «Նոր Զելանդական» կարագին, քանի որ հանձնաժողովը մոնիտորինգ է անցկացրել միայն այդ տեսակի կարագի շուկայում, որի սպառման ծավալներն ամենամեծն են։
Սահակյանը նկատեց, որ 2016 թվականի հուլիս ամսից մինչ օրս «Նոր զելանդական» կարագի վաճառքի գները շարունակական աճ են գրանցել: Այսպես՝ 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա «Նոր զելանդական» կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար:
Երեկ հավկիթի թանկացման պատճառները պարզաբանեց նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը՝ հայտարարելով, որ հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, փոխարենն առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Մինչ գյուղնախարարությունը սին խոստումներ է շռայլում, ՏՄՊՊՀ մոնիթորինգի արդյունքներն այլ բան են փաստում։ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով՝ հավկիթը թանկացել է 2-3 դրամով, այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող մեկ հավկիթի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմաններում։
Նշենք՝ հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 1-ից գործելու են ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կարգավորումները, եւ մոտ 800 անուն ապրանք թանկանալու է, կարելի է կանխատեսել, թե գնաճն ինչպիսի պատկեր է ունենալու։
Իսկ մինչ այդ՝ սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր շատ հայրենակիցներ արդեն իսկ ի վիճակի չեն կարագ գնել:
Սոնա Հարությունյան