Գիշերային Երևանի կյանքից
ОбществоԵրբ մենք՝ առօրյա հոգսերից ու աշխատանքից ուժասպառ սովորական մարդիկ, կեսգիշերին մոտ գնում ենք քնելու կամ լավագույն դեպքում գիշերը լուսացնում ենք համակարգչի դիմաց, առողջ ապրելակերպ քարոզող և վարող հեծանվորդները վայելում են գիշերվա հմայքն ու ընձեռած ազատությունը։
Մի օր մի խումբ հեծանվորդներ գիշերով սլացան Երևանի փողոցներով, և դա նրանց դուր եկավ։ Գիշերային հեծանվարշավի առաջին հաջողված փորձից հետո շատ արագ կազմակերպվեցին նաև երկրորդն ու երրորդը։
Հեծանվարշավի կազմակերպիչ Վահե Հովհաննիսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես հղացավ գիշերային արշավների գաղափարը։ «Սկզբում մենակ կամ ընկերներիս հետ՝ երկու-երեք հոգով, գիշերները դուրս էինք գալիս՝ հեծանիվ քշելու։ Ինչո՞ւ գիշերները, քանի որ մեքենաներ չկային, ու շոգ չէր լինում, ու հետո էլ՝ արևածագը դիմավորելն ուրիշ հաճույք է։ Հետո մտածեցի, որ կարելի է Ֆեյսբուքում սարքել իվենթ, ու երկու-երեք հոգու փոխարեն հավաքել քսան-քսանհինգ հոգի, ու սա արդեն երրորդ արշավն էր։ Առաջին անգամ վեց հոգով էինք, քանի որ շատ չտարածեցինք էլ, իսկ երկրորդի ժամանակ և այսօր արդեն քսանմեկ-քսաներկու հեծանվորդ էինք»,- ասաց նա։
Ամենաերիտասարդ հեծանվորդուհին՝ տասնութամյա Անահիտ Մուշեղյանը, ևս չի կարողացել դիմադրել հեծանվով գիշերը շրջելու գայթակղությանը։ «Գիշերային զբոսանքը հեծանիվով փոքր-ինչ էկզոտիկ է, քանզի հատկապես հայաստանյան երթևեկության պայմաններում նույնիսկ ցերեկը, երբ հեծանիվ ես քշում, վարորդները մի տեսակ թարս ու շիտակ են նայում ու անպայման չեն մոռանում ռեպլիկ անել. «Այ աղջիկ ջան, հեծանիվը քո ի՞նչ բանն ա, մեղք ես»: Երբ գիշերը հեծանիվ ենք քշում, ամեն ինչ էնքան հանգիստ ու խաղաղ է թվում՝ գրեթե չկան մեքենաներ, դժգոհ մարդիկ, աղմուկ, անճաշակ շենքերն անգամ իրենց զգացնել չեն տալիս, այլ միայն գեղեցիկն է աչքիդ զարնում՝ լուսավորված Հրապարակն ու Թամանյանի արձանը՝ Կասկադի ֆոնի վրա, մոտ ընկերներ ու զվարճալի միջադեպեր: Իսկ գիշերը քշելուց հետո, երբ նաև գնում ենք ինչ-որ բարձրադիր տեղ արևածագը դիմավորելու, դա ավելին է, քան էկզոտիկան: Այդ ժամանակ զգում ես ինչ-որ ներդաշնակություն մարդու, հեծանիվի, արևի ու խաղաղ միջավայրի միջև»,-ասում է Անահիտը։
Հեծանվորդները լուսադեմին մոտ հանդիպում են Կասկադում և մինչև լուսաբաց սլանում Երևանի փողոցներով, ապա գնում արևածագը դիմավորելու նախապես որոշված որևէ վայրում։ Նախորդ երկու արշավների վերջնակետը Ծիծեռնակաբերդն էր, իսկ այսօր նրանք ընտրել էին Հաղթանակ զբոսայգին։ Զբոսայգում նրանք դիմավորեցին արևածագն ու յոգայի վարժություններ կատարեցին։
Գիշերային հեծանվարշավի մասնակից Շահե Թաջիրյանն ասաց, որ նախորդ արշավին էլ է մասնակցել և շատ լավ տպավորություններ ունի. «Գիշեր, հեծանիվ, լավ մարդիկ, հեծանվորդներ վերջիվերջո...»։ Արթուր Սախկալյանը ևս տպավորված էր գիշերային արշավից. «Հաճելի է, որ մարդիկ օրինակ են ծառայում ուրիշներին էս փոքրիկ դմբո քաղաքում, որ ուրիշ դմբոներ էլ հեծանիվ քշեն։ Խենթություն է թվում, որ կողքից տեսնում ես՝ լիքը մարդ գիշերով հեծանիվ է քշում։ Մարդիկ գալիս հարցնում են՝ ի՞նչ է, ո՞նց է։ Հետո որ փողոցներն ազատ են, ավելի ես զգում «Մենք ենք այս քաղաքի տերը» գաղափարի իմաստը»։
Արագություն, ընկերներ, գիշեր, քամի, երևանյան արևածագ, առողջություն, յոգա ու անկրկնելի զգացողություններ. ահա թե ինչ են խոստանում «Գիշերը հեծանիվով» արշավները։