Ժոնաթան Լաքոտը հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերություններ գերազանց է գնահատում
ИностранныйՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ավանդաբար, Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն այս անգամ անցկացվելու է Հայաստանում: Այդ ամենը պաշտոնապես կհաստատվի գալիք տարվա ընթացքում, բայց մենք, բնականաբար, արդեն իսկ աշխատում ենք Ֆրանսիայի նախագահի այցի կազմակերպման ուղղությամբ», - ասաց Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ 2018 թվականին Հայաստանին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում:
Դեսպանը նշեց, որ իր ցանկությունն է էլ ավելի խորացնել նոր հեռանկարներով ապահովել հայ-ֆրանսիական հարաբերությունները:
«Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գերազանց են, եւ ես կցանկանայի դրանք զարգացնել եւս երկու ասպարեզում: Դա կրթական, բուհական ոլորտն է, իսկ մյուսը տնտեսական ոլորտն է, որտեղ եւ առեւտրային, եւ ներդրումային առումով մեծ ներուժ կա»,-եզրափակեց նա: