«Փաստ». Ամուլսարի վերաբերյալ ՀԿ–ների հայցը կքննվի մեկուկես տարի անց
Армянская пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ–ի նախագահ Արթուր Գրիգորյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ամուլսարի հանքավայրի գործով Վարչական դատարանի որոշումը, ըստ որի՝ ՀԿ–ները դուրս մնացին դատական գործընթացից: Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով Վարչական դատարան հայց էին ներկայացրել երկու հասարակական կազմակերպություն՝ «Էկոլոգիական իրավունք»–ն ու «Էկոդար»–ը և Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ: «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» ՀԿ–ները և Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ դատարան հայց են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի` 2014 թ.–ի Ամուլսարի փոփոխված նախագծին տրված ՇՄԱԳ եզրակացության չեղարկման պահանջով:
Այս օգոստոսին վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը որոշեց հասարակական կազմակերպություններին դուրս մղել դատական գործընթացից՝ որպես ոչ պատշաճ հայցվորներ: Դատավորի պատճառաբանությունն այսպիսին էր. «Այս երկու ՀԿ–ները իրավունք չունեն հայց ներկայացնելու դատարան տվյալ գործով, և ակնհայտ է, որ դա չի պահանջում նյութական իրավունքի քննություն, որպեսզի այդ հարցը պարզվի»:
Հիմա Վերաքննիչ վարչական դատարանը բողոքն ընդունել է վարույթ, բայց պատրաստվում է քննել այն 2019 թ.–ի ապրիլի 26–ին՝ մոտ մեկուկես տարի անց: ՀԿ նախագահ Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նման որոշումը աբսուրդ է անվանում՝ նշելով, որ սրանից հետևում է, որ Վարչական դատավարությունում բողոքարկման ինստիտուտը դարձել է անիմաստ, իսկ դատարանի անօրինական գործողությունները բողոքարկելը` աննպատակ: Արդյունքում կլինի այնպես, որ հանքավայրի շահագործումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի և դրանից որոշ ժամանակ անց միայն դատարանը կբարեհաճի լսել ՀԿ–ների՝ պատշաճ հայցվոր լինել–չլինելու հարցը:
Այս պարագայում ևս մեկ խնդիր է առաջանում՝ նրանք չեն կարող դիմել Սահմանադրական կամ Եվրոպական դատարան, քանի որ չեն անցել բոլոր դատական ատյաններով: Դատարանի որոշումն այս տեսանկյունից գլուխգործոց է, քանի որ այն ո՛չ այլընտրանք, ո՛չ երկընտրանք չի թողնում հայցվորների համար: Նրանք ոչինչ չեն կարող անել, բացի սպասելուց:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ այս պահին մի քանի դատական գործեր կան: Դրանցից մեկը Գնդեվազ համայնքի բնակիչների հայցն է Վարչական դատարան Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը չեղարկելու պահանջով, մյուսը` փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ամուլսարի ծրագրի համար նոր փորձագիտական եզրակացություն նշանակելու խնդրով: Իսկ վերջինն էլ նշված ՀԿ–ների բողոքն է Վերաքննիչ վարչական դատարան` ընդդեմ վարչական դատարանի որոշման:
Ի դեպ, վերջերս նաև Հայկական բնապահպանական ճակատն է հայց ներկայացրել Վարչական դատարան Արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճեններն իրենց չտրամադրելու խնդրով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում