Ալեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել իր բիզնեսն ընդլայնելու համար
ПолитическиеԿառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը:
Այս որոշումն ընդգրկված էր Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 96 543 000 ՀՀ դրամ գնաահատված արժեքով 7316.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ.մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ.մետր մակերեսով (200.37 խ.մ) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Ուշագրավն այստեղ ոչ միայն այն է, որ օպտիմալացման արդյունքում դատարկված Արթիկի թիվ 7 դպրոցի շենքը հանձնվել է մասնավոր ընկերության, այլ նաև այն, որ այդ ընկերության 50 տոկոսի բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը, որը պատկանում է Արմեն և Անուշավան Սարգսյաններին։
Այս ընկերությունը զբաղվում է տեքստիլի արտադրությամբ և Կառավարություն ներկայացրած հիմնավորման համաձայն՝ պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում շենքի վերակառուցման և տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Ընկերությունը պարտավորվել է ստեղծել 500 աշխատատեղ տեքստիլի ոլորտում: