էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերի համակարգում մենաշնորհը կվերանա. փոխնախարար
Տնտեսություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խոստացված 1 մլրդ դոլար ներդրումների արդյունքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը հայտարարեց և տվեց հստակ ներդրումային ծրագիր, թե որ ոլորտում, որ գործառույթի համար՝ որքան ներդրում է նախատեսում: Ըստ նրա՝ սա ենթադրում է, որ հետագայում ավելի որակյալ ծառայություն է մատուցվելու Հայաստանի բնակչությանը:
«Ներդրումային ծրագրում նպատակները հստակ տրված են։ Ամբողջ ներդրումային ծրագրի նպատակն է՝ լինի հուսալի ու անվտանգ էներգահամակարգ», - նշեց Հարությունյանը։
Հնարավո՞ր է, որ ներդրումների հետևանքով սակագինը բարձրանա, հարցին ի պատասխան՝ փոխնախարարը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ ներդրումները բացասական ազդեցություն չունենան սակագների վրա և փոխհատուցվեն այն խնայողություններից, որոնք բերում են այդ ներդրումները»,- ասաց նա։
Փոխնախարարն ընդգծեց՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերի համակարգում մենաշնորհի վերացում կլինի։ «Շուկայի ազատականացման հարցերը մեկ- երկու րոպեում պատասխանելիք թեմա չէ, և դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացնենք ԱԺ։ ՀԷՑ-ից բացի՝ այլ ընկերություններ կլինեն, այլ մատակարարներ են լինելու», - հայտնեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ցանկացած մարդ կարող է մատակարար լինել։