Նկարել և հավատալ...
АналитическийԵրեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ուշագրավ հայտարարություն է արել «Հանրապետական» կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ կուսակցությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին ներկայացրած տնտեսական ցուցանիշները: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ նախագահ Սերժ Սարգսյանը Կարապետյանի կաբինետի առաջ անլուծելի խնդիրներ չէր քաշել, ասել է թե չկա միասնական չափման միավոր, որով Կառավարության գործունեությունը, ներկայացված այս կամ այն ցուցանիշը կարող է համարվել դրական կամ բացասական: Իսկ սա արդեն հուշում է, որ Սերժ Սարգսյանը Կառավարության առջև հստակ պահանջներ չդնելով մանեվրելու լայն հնարավորություններ է ձեռք բերում: Համաձայնեք, որևէ մեկը կդժվարանա ասել, թե որ մինիմալ ծրագրի կատարման համար է Կարապետյանը խրախուսական գնահատականների արժանանում իշխող «Հանրապետական» կուսակցության կողմից: Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ:
Իրավիճակը չի կարող փրկել անգամ Կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետև հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն:
Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի Կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձևավորելն է: Իսկ դրան մենք դեռ ականատես չենք դառնում:
Ստացվում է, երբ չկա հստակ չափորոշիչ ՝ Սերժ Սարգսյանը ազատում է իր ձեռքերը Կառավարությանը գնահատելու հարցում: Վաղը դրական գնահատականը մեկ րոպեում կարող է վերածվել բացասականի՝ կախված ներքաղաքական իրավիճակից և ռեժիմի պահանջներից: Հարկ կլինի՝ կհիշեն Կառավարության ստանձնած պարտավորությունների մասին, ոչ՝ չեն հիշի: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի Կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ:
Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց Կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին և Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց:
Կարեն Կարապետյանին նույն է սպասվո՞ւմ … այդ հարցի պատասխանը չունի անգամ ինքը՝ Կարապետյանը:
Հետևաբար, մնում է մի բան՝ նկարել և հավատալ…
Ստելլա Խաչատրյան