«Անվտանգություն և առաջընթաց». դերերը հստակեցված են
AnalyticalՀանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: «Ձմռան վերջին, միգուցե՝ գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և, եթե իրոք կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ՝ մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով: Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու»,-իր խոսքում նշել է Նախագահը:
Սարգսյանն իրականում անչափ կարևոր մեսիջ է հղում: Ըստ նրա՝ 2017-ի գլխավոր ձեռքբերումը ոչ թե տնտեսական աճն էր, այլ երկրի անվտանգության, պաշտպանական համակարգի ամրապնդումը: Ինչպես գիտենք՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՀԿ արբանյակ քաղաքական ուժերը և գործիչները՝ իբրև դրա ապահովման միակ երաշխիք՝ դիտում են Սերժ Սարգսյանի անձը: Հենց Սարգսյանի խոսքերից էլ ենթադրվում է, որ 2018-ին հանրության համար անվտանգության երաշխիքներ կարող է տալ միայն գործող նախագահը՝ անկախ ապրիլից հետո նրա զբաղեցրած պաշտոնից: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը փայլուն պատկերացում ունի, թե անվտանգության դեֆիցիտը որքան մտահոգիչ է հայ հասրակության համար, հատկապես՝ Ապրիլյան քառօրյայից հետո: Եվ այդ խաղաքարտը Սարգսյանը խաղարկելու է ընդհուպ մինչև 2018-ի ապրիլ: Պաշտպանության ոլորտում արված բարեփոխումները կարևորելով տնտեսության աձանագրած ցուցանիշներից, Սերժ Սարգսյանը որոշակիորեն ստվերում է կառավարության, ասել է թե՝ Կարեն Կարապետյանի մեկ տարվա աշխատանքը: Սրանով առավել իրատեսական է դառնում դերերի հստակ բաժանումը, որ 2018-ին ընդառաջ՝ էլ ավելի է ընդգծվելու: ՀՀԿ նախընտրական «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի անվտանգության բաղադրիչը միանշանակ կապված է լինելու Սարգսյանի հետ, իսկ առաջընթացը՝ Կարեն Կարապետյանի:
Ստելլա Խաչատրյան