Շատ չարչարվեցինք, հանգստանալու ժամանակն է...
АналитическийՏարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հավանաբար միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ասել իր ղեկավարած ոլորտի մասին: Սա այն դեպքն է, երբ անգամ Իգնատի Առաքելյանի «բնածին հռետորական տաղանդը» և վառ երևակայությունը չեն կարող օգնության հասնել, քանի որ գլուխ գովելու առանձնապես առիթ էլ չկա: Լինելով գյուղատնտեսական երկիր՝ Հայաստանն ավելի շատ պտուղ-բանջարեղեն ներկրում, քան արտահանում է: Մասամբ, դա պայմանավորված է բնակլիմայական պայմաններով (հիմնականում ներկրում ենք ցիտրուսայիններ), սակայն ինչո՞վ բացատրել, որ անգամ խնձորի բերքի առատ տարիներին՝ արտասահմանից մեծ քանակությամբ խնձոր ենք ներկրում: Կամ անհասկանալի է գազարի ներկրման փաստը: Ցանկացած այլ երկիր՝ նման պայմաններում որոշակի սահմանափակումներ կկիրառեր, ինչպես վարվում են Հայաստանի բոլոր հարևան երկրները: Օրինակ՝ Թուրքիան բարձր մաքսատուրքեր է կիրառում ներկրվող գյուղմթերքի նկատմամբ, Իրանը գործնականում արգելել է գյուղմթերքի ներկրումը, իսկ Վրաստանը տարբեր սանիտարական պատրվակներով արգելում է խաղողի ներկրումը: Միայն Հայաստանի գյուղատնտեսությունն է, որ գործնականում պաշտպանված չէ: Դեռևս այս ամռան սկզբին Առաքելյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները հավաստիացնում էին, թե տարեվերջին աննախադեպ թռիչք է սպասվում, որի նմանը Հայաստանը չի տեսել: Այնուհետև, վարչապետը խոր ցավով տեղեկացրեց նույն Առաքելյանին, որ աճը, մեղմ ասած, չի նկատվում: Թե ինչ արեց նախարարը՝ իրավիճակը շտկելու համար՝ ակնհայտ է. ոչինչ: Բայց եթե այս հարցով դիմենք Իգնատի Առաքելյանին, կլսենք արդեն դասական դարձած պատասխանը՝ այդ հարցն ինձ ինչո՞ւ եք տալիս: Եվ իսկապես՝ Իգնատին ու՜ր, գյուղատնտեսությունն ու՜ր: Անկասկած, հայ հասարակությունը բոլոր հիմքերն ունի սիրելու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Նա առայժմ միակ նախարարն է, որ անկեղծորեն խոստովանում է, որ ինքը ոչ մի բանի համար պիտանի չէ, ոչնչից գլուխ չի հանում ու չի էլ պատրաստվում ինչ-որ բան փոխել: Օրինակ, ո՞վ է ասում, թե անասնապահության ոլորտում որևէ խնդիր կա: Դա էլ է սուտ: Ընդամենը մի քանի դատարկ բաներ են` «Եղել է չորային տարի, այո՛, կերը թանկացել է, ավելացել է թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների արտահանումը, բայց եթե հաջորդ տարի բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել»,- հուսադրում է անհուսալի նախարարը։ Իսկ եթե բնությունը բարեգութ չգտնվի, ապա ըստ Առաքելյանի՝ գյուղացին միշտ էլ այլընտրանք ունի, օրինակ, կարող է ընդհանրապես գյուղատնտեսությամբ չզբաղվել: Իգնատի Առաքելյանի գործն էլ կթեթևանա: Ի դեպ, այսօր տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Կարապետյանի որոշմամբ՝ Իգնատի Առաքելյանին կտրամադրվի արձակուրդ՝ 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ։ Ինչպես ասում են՝ շատ չարչարվեցինք, հանգստանալու ժամանակն է...
Ստելլա Խաչատրյան