Մասնագետներն առաջարկում են սելիտրան փոխարինել դրական արդյունք տված օրգանական պարարտանյութով
ЭкономикаՓորձարկումները ցույց են տվել, որ Հայաստանում արտադրվող օրգանական պարարտանյութը դրական արդյունք է տալիս: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ հայ գյուղատնտեսների կողմից ավանդաբար օգտագործվող սելիտրան կարող են փոխարինել օրգանական պարարտանյութով, որը սելիտրայի համեմատ շատ թանկ չէ, մեկ հեկտարի հաշվով նույն արժողությունը կունենա: «Մենք գիտական փորձ էինք իրականացնում, ինչը ցույց տվեց, որ օրգանական պարարտանյութը տվել է դրական արդյունք: Եթե կարողանանք փորձարկումը շատացնել` ներառելով տարբեր բուսատեսակներ ու դա բերի դրական արդյունքի, փոխարինումը մեծ դրական քայլ կլինի»,-ասաց Գեղամ Գևորգյանը` հավելելով, որ քիմիական պարարտանյութի փոխարինումն օրգանականով նպաստավոր է և մարդու, և բերքի համար:
Պաշտոնյան նկատեց, որ օրգանական գյուղատնտեսության կարևորությունը մեզնում դեռևս լիովին ընդունված չէ, մինչդեռ այն և շահութաբեր, և առողջարար է: Բացի այդ` խնդիրը, որ օրգանական պարարտանյութը ավանդապես շատ ավելի թանկ է եղել, որոշ չափով լուծված է: «Օրգանական մթերքի սպառման շուկան մեծացել է ու այդ շուկայում գները բարձր են: Եթե ֆերմերը օրգանական արտադրանք արտահանի, ավելի թանկ կարող է վաճառել ու մեծ շահույթ ստանալ: Օրգանական պարարտանյութը հողը վերականգնում է, և այն ավելի առողջ բերք է ապահովում»,-ասաց հիմնադրամի տնօրենը: