Ադրբեջանի արտաքին գերատեսչության «սև ցուցակում» տեղ գտած անձանց թիվը հասնում է 600-ի
ԱդրբեջանԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը զրույցում անդրադարձել է նաև 2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած 4 թուրք մտավորականների գործին և նշել, որ այդ ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները քննարկումներ են անցկացնում:
Ադրբեջանի ընգծված վախի դրսևորումներից են սև ցուցակները, որոնք այդ երկիրը կիրառում է, որպես շանտաժի միջոց: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կազմել և վարում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողների և այլոց անուններ: Հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված այս «դիվանագիտական գործիքը», թերևս, արդեն սպառել է իրեն և ավելի շատ վնասում է Ալիևի ռեժիմին, քան օգնում, արտաքին աշխարհում քաղաքական խնդիրներ լուծելու առումով: Ըստ երևույթին այս սև ցուցակների առկայությունը ևս մեկ անգամ գալիս է վկայելու Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ և հակաժողովրդավարական մոտեցումները:
2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախի հանրապետություն էին այցելել 4 թուրք մտավորականներ, որոնց այցից անմիջապես հետո նրանց անունները հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանն այս անձանց վերաբերյալ հայտարարել էր միջազգային հետախուզում: