2017-ի գլխավոր տապալումը և ձեռքբերումը...
АналитическийԱնխոս, 2017թ.-ի կարևորագույն քաղաքական իրադարձություններից էր ապրիլի 2–ին կայացած ԱԺ ընտրությունները, որին մասնակցեց 5 կուսակցություն և 4 դաշինք։ Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն էին 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման՝ 2018թ.-ին գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Այս անգամ էլ ՀՀԿ-ն նույն ձեւով, պետական լծակների եւ ընտրությունների անվերահսկելիության արդյունքում վերարտադրվեց: Իշխանությունները խոստացան բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը խորհրդարանում կանխել, բայց արդյունքում գործարարները խորհրդարան եկան ռեյտինգային ընտրակարգով: Եվս մեկ անգամ փաստեցինք, որ Հայաստանում «միջազգային չափանիշներին համապատասխան» անցկացված ցանկացած տեսակի ընտրություն՝ խայտառակ բենադրված կատագերգության է նման: Համացանցում տեղադրված բազմաթիվ տեսանյութերին զուգահեռ՝ Տիգրան Մուկուչյանը հայտարարում էր, որ էական որևէ խախտում չի արձանագրվել, կամ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է:
Ի դեպ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու և ժողովրդավարության մասին: Տարվա քաղաքական գլխավոր ձեռքբերումն, անկասկած, ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումն էր, որն այսօր թույլ է տալիս վերոնշյալ ընտրությունների արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժին հայտարարել «և-և»-ի քաղաքականության կայացման մասին: Իհարկե, հասարակությունն ունի լրջագույն մտահոգություններ ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի և քաղաքական կամքի դրսևորման հարցում: Թեև համաձայնագիրը ստորագրված է, սակայն անելիքները դեռ առջևում են։ Պետք չէ խոր շունչ քաշել՝ մտածելով, թե գործընթացներն ավտոմատ կերպով կզարգանան: Խնդիրն այն է, սակայն, որ համաձայնագրի ստորագրման առթիվ խանդավառությանը, վստահությունը, որ Հայաստանի իշխանությունները կդրսևորեն անհրաժեշտ հետևողականություն՝ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար, համընդհանուր չէ: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կդրսևորի քաղաքական կամք՝ համաձայնագրով ստանձնած հանձնառությունները կատարելու ուղղությամբ, թե՞ փաստաթղթում առկա դրույթներն այդպես էլ կյանքի չեն կոչվի: Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն դառնալն ուղղակի կարող է վտանգել իշխանական համակարգի գոյությունը: Այն բարեփոխումների փաթեթը, որն առաջարկված է այդ համաձայնագրով, առանց այդ քաղաքական կամքի՝ ընդամենը բարի ցանկություններով, իմիտացիաներով, բնականաբար, չի իրականացվելու: Օրինակ՝ մոնոպոլիաների դեմ պայքարը. դրա համար ի՞նչ է անհրաժեշտ՝ իհարկե քաղաքական կամք: Եթե իշխանությունն ունենար քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների դեմ, կարող էր անել առանց այդ համաձայնագրի էլ: Հենց այս համատեքստում էլ առաջնային է դառնում քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող վերահսկողությունը: Կլինի այն, թե ոչ՝ պարզ կլինի արդեն 2018-ին…
Ստելլա Խաչատրյան