Ի՞նչ գույնի են Արման Թաթոյանի ակնոցները...
Аналитический«Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները և մի շարք քաղաքացիներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մի քանի օր շարունակ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ՄԻՊ-ից՝ բարձրացնել «Սասնա Ծռեր»-ի՝ հացադուլ հայտարարած երկու անդամների՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջը և լուծում տալ այդ հարցին: Ամենը, ինչին ընդունակ եղավ ՄԻՊ-ը՝ դա հայտարարելն էր, որ ինքն արդեն իսկ գրություն է ուղարկել տեղափոխության հարցի համար, ինչին դեռ պատասխան չի ստացել: Եվ սա հայտարարում է այն մարդը, ով ասուլիսների ժամանակ գլուխ էր գովում՝ թե բա տեսե՛ք, չկա որևէ պետական կառույց, մարմին, որին ես գրություն ուղարկեմ և պատասխան չստանամ: Այժմ ինքը՝ Թաթոյանն է կամա թե ակամա ընդունում, որ այդ կառույցները և մարմիններն, իրեն, մեղմ ասած՝ բանի տեղ չեն դնում:
Շուրջ մեկ ամիս անց էլ պատկան մարմինները հարկ չեն համարել արձագանքել Թաթոյանի ուղարկած գրություններին: Իսկ ինչո՞ւ պետք է արձագանքեին: Չէ՞ որ դրանք հենց այն մարմիններն են, որոնք Թաթոյանին ապահովել են պաշտոնով և աշխատավարձ են տալիս, տարին մեկ անգամ խորհին արհամարհանքով լսում են նրա ներկայացրած զեկույցները և հորդորում շարունակել աշխատանքը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վեհ նպատակով: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել ինստիտուտի անկախության մասին, երբ ՄԻՊ միակ գործիքն այս կամ այն կառույցին գրություն ուղարկելն է: Թաթոյանը պետք է լիներ թիվ մեկ ընդդիմադիրը երկրում, և հարցը այստեղ բնավ էլ «Սասնա Ծռեր»-ի գործոնը չէ: Չկա մեկը, ով կարող է պնդել, որ մինչ այս էլ Արման Թաթոյանը հանցավոր անգործության մատնված չի եղել: Արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը պատշաճ արձագանքեց Ապրիլյան պատերազմի օրերին արձանագրված իրավախախտումներին: Արդյո՞ք ըստ արժանվույն էր կազմակերպված փաստահավաք խմբի աշխատանքը: Արդյո՞ք հետևողական եղավ դրանք միջազգային իրավական ատյաններին ներկայացնելու և հանցագործներին պատժի ենթարկելու հարցում: Մեր երկրում զեկույցներ հրապարակելը և «թուղթ մաշացնելը» դարձել է ՄԻՊ հիմնական գործառույթը: Կամ, հիշենք թեկուզ «Հաց Բերողի» դեպքը, երբ ՄԻՊ-ի միակ նպատակն էր դարձել ոչ թե օգնելն ու փրկելը, այլ մարդուն առողջ մահվան տանելը:
Ընդ որում. շատ հաճախ ինքը՝ Թաթոյանն է անպատասխան թողնում քաղաքացիների՝ իրեն ուղղված գրությունները, այնպես որ, գուցե հիմա իր կաշվի վրա զգա, թե ինչ է նշանակում չարժեվորված լինելը, երբ քո գրությունը ոչինչ չարժե: Արման Թաթոյանի մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ անցնել ընդհատակ, երբ իր կարիքն իրապես զգացվում է կամ էլ գլուխն ազատել՝ հայտարարելով՝ «ձեռքիցս եկածն արել եմ, թուղթս ուղարկել եմ»: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, թե՞ արդեն ամբողջությամբ հարմարվել է իշխող քաղաքական ուժի իրավունքների պաշտպանի տիտղոսին: Պաշտոնը ստանձնելիս Թաթոյանը վստահեցնում էր՝ երբեք չի վարկաբեկի իրեն ու օմբուդսմանի ինստիտուտը: Չստացվեց:
Ստելլա Խաչատրյան