Մարիամ Մկրտչյանը հաջող է հանդես եկել «Օրշա-2018» մրցաշարում
ՍպորտԲելառուսում ավարտվեց «Օրշա-2018» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 8 երկրից 78 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:
Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Վլադիսլավ Կովալյովը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, նույնքան միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ալեքսեյ Ալեքսանդրովը, իսկ Սերգեյ Ժիգալկոն 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում սահմանված էին մրցանակներ նաև լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Կանանց պայքարում հաղթեց Օլգա Բադելկան, Ռաիսա Էյդելսոնը դարձավ երկրորդը, իսկ Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը եզրափակեց լավագույն եռյակը: Մկրտչյանը շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում լավ ելույթներ ունեցան նաև պատանի շախմատիստներ Արման Ղևոնդյանը, Սամվել Անտոնյանը և Արգիշտի Պետրոսյանցը, ովքեր իրենց վարկանիշները բարելավեցին համապատասխանաբար 150, 130 և 113 կետով:
Մկրտչյանը հաջող ելույթ ունեցավ նաև մրցաշարի շրջանակում անցկացված մինչև 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 6 միավորով լավագույնը դարձավ աղջիկների հաշվարկում: