Պայքար տնտեսական մահակի համար
АналитическийՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձեւավորվելիք կառավարությունում կփոխարինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նազարյանը համարվում է նախագահ Սարգսյանի հավատարիմ կադրերից մեկը: Այն, որ նրան կարող է վստահվել այդչափ կարևոր և ռազմավարական ոլորտի ղեկավարումը, և որ այդ սցենարն ամբողջությամբ տեղավորվում է Սարգսյանի վարչապետական ծրագրերի մեջ՝ ակնհայտ է: Սարգսյանին անհրաժեշտ է իր թիմը, և բնական է, որ ապրիլից Կարապետյանի «տեխնոկրատների ակումբն» իր տեղը զիջելու է սարգսյանական «հին գվարդիային»:
Սակայն այստեղ մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց է ի հայտ գալիս՝ ո՞վ է զբաղեցնելու ՀԾԿՀ-ի նախագահի թափուր պաշտոնը: Ակնհայտ է, որ ապրիլից հետո այս կառույցի լիազորություններն էականորեն ընդլայնվելու են: Այդ փաստը Նազարյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ պահանջելով կառույցի աշխատանքի բովանդակությունը հարմարեցնել այն նոր պայմաններին, որոնք լինելու են ապրիլին: Կառույցը փաստացի վերածվելու է «տնտեսական մահակի», որով հարկ եղած պարագայում հնարավոր կլինի զսպել հատկապես խոշորների ախորժակը; Բնական է, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում յուրայինի նստեցնելու հարցում շահագրգռված են ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Կարեն Կարապետյանը:
Անգամ՝ եթե Կարապետյանը ապրիլից հետո զբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը և նրան հանձնվի տնտեսական բլոկի կուռացիան, դա դեռ չի նշանակում, որ Սարգսյանը հեշտությամբ հանձնելու է նման կարևորագույն ռեսուրսը և լծակը: Կարեն Կարապետյանի քաղաքական կարիերայի շարունակության հարցում կա հետաքրքիր հանգամանք, որը հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության դաշտում է: Խոսքը գազի համակարգի, «Գազպրոմ»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի մասին է: Կորցնելով ՀԾԿՀ նկատմամբ վերահսկողությունը, Կարապետյանը կորցնելու է իր կարևորությունը նաև ռուսական կապիտալի համար, հետևաբար, առաջին փոխվարչապետի պաշտոնում Կարապետյանը կարող է զրկված լինել ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսատնտեսական հենարանից:
Ստելլա Խաչատրյան