Էդ աղջկա ցավը տանեմ, մեռնեմ նրա ձեռքերին. Խանդոյան
RightԱյսօր` փետրվարի 14-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործով դատաքննությունը։
Հիշեցնենք՝ այս դատավորի վարույթում է խմբի անդամներից մի մասի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սեդրակ Նազարյանի, Էդուարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի վերաբերյալ քրեական գործը։
«Սասնա Ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նման վիճակն այլևս չի կարող շարունակվել և դատարանը միջոցներ կձեռնարկի դատաքննությունը նորմալ հունով անցկացնելու համար:
«Ընկեր Մակյան, Ձեր գերիներին ե՞րբ եք ազատելու: Գերի են Ձեր ձեռքը: Մեռնեմ իրանց»,- անդրադառնալով իր փաստաբանի բացակայությանը՝ հայտարարեց Խանդոյանը՝ ավելացնելով, որ ինքը պաշտպանում է փաստաբանների գործադուլը։
Այնուհետև Խանդոյանն անդրադարձավ երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին և սկսեց պաշտպանել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին. «Էդ աղջկա ցավը տանեմ, մեռնեմ նրա ձեռքերին։ Արարքը էն էր, որ էդ մարդիկ նեղվում են, որ իմ ազգը կեղտի մեջ թաղված՝ էդ մարդիկ վայելում են իրանց փառահեղ կյանքը։ Էսօր էդ կեղտը պտի հասկանա, որ իմ ժողովրդին էդ կեղտի մեջ են պահում, մինչև չես լցնում դրանց գլխին, դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»։
Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենի խճուղուց տարաներով կոյուղաջուր էին բերել՝ հայտարարելով, թե այնտեղի բնակիչները շնչում են այդ գարշահոտը։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը ու փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի բանկաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այնուհետև քաշքշուկ առաջացավ ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի միջև։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Սոնա Հարությունյան