«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում մեկնարկել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները
Society«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղագծերը կվերակառուցվեն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց՝ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ միասին համատեղ միջոցառումներ է ձեռնարկում՝ ստեղծված խնդիրը կարգավորելու համար:
«Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ վաղուց ենք ունեցել այս խնդրի շուրջ քննարկումներ և պայմանավորվածություններ: Սակայն պետք է նշեմ, որ այժմ արդեն ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումները, խողովակները, մյուս պարագաները, որպեսզի աշխատանքները սկսվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կոյուղու վերակառուցման աշխատանքներում կներգրավվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
Հիշեցնենք՝ Նուբարաշենի խճուղու հարակից շենքերի բնակիչները բողոքում են, որ տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է և կոյուղաջրերը հոսում են մինչև շենքերի բակ, իսկ իրենք ստիպված են շնչել գարշահոտություն:
Նշենք նաև, որ փետրվարի 13-ին ավագանու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջուր էին տարել Երևանի ավագանու նիստի ժամանակ Տարոն Մարգարյանին հանձնելու, ինչից հետո «Երկիր Ծիրանի»-ի և ՀՀԿ խմբակցության անդամների միջև քաշքշուկ և ծեծկռտուք սկսվեց:
Սոնա Հարությունյան