Քաղաքացին գողացված բանկային քարտերից փորձել է գումար կանխիկացնել
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի նոյեմբերի 14-ին երկու քաղաքացուց հաղորդումներ են ստացվել առ այն, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի բժշկական կենտրոններից մեկի բուժքույրերի համար նախատեսված սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է իրենց դրամապանակները: Դրամապանակներից մեկի մեջ եղել են արծաթյա զարդեր, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային քարտեր, իսկ մյուս դրամապանակի մեջ՝սոցիալական քարտ, բանկային քարտեր: Նույն մեկով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ նրա մոտ բժշկական կենտրոնից գողացված բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու համար: