Ինչի՞ մեջ է խրվել Մայր ԲՈւՀ-ը...
AnalyticalԱյն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Երևանի պետական համալսարանում, մտորելու առիթ պետք է հանդիսանար ոչ միայն Հայաստանի թիվ մեկ ԲՈւՀ-ի, այլև ցանկացած հեղինակավոր ուսումնական հաստատության համար: Ուսանողների հացադուլ, դասադուլներ, զուգարանի թղթի բարեգործական հավաք, այժմ էլ՝ նոր ընդվզում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների կողմից: Բանն այն է, որ ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է: Ի՞նչ է իրականում թաքնված այս կրճատման հետևում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, և ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանագերմանական ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը և ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել: Դե իսկ այն, որ Արամ Սիմոնյանը երբեք էլ աչքի չի ընկել ուսանողների շահերից բխող որոշումներ ընդունելով՝ գաղտնիք չէ:
Վերջին շրջանում ԵՊՀ ռեկտորին առավելապես հուզում են օպտիմալացման, ամեն գնով մի քանի կոպեկ խնայելու օրակարգային հարցերը: Այն, որ ԲՈՒՀ-ի ներսում ձևավորվել է կրթական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող մթնոլորտ, այն, որ օրը ցերեկով ոտնահարվում են ուսանողների շահերը, իսկ Մայր ԲՈւՀ-ը դարձել է քանակ ապահովող անորակ կադրերի դարբնոց՝ «պլինտուսի» մակարդակի հասցնելով ԵՊՀ-ի և Հայաստանի վարկանիշը՝ Սիմոնյանին առանձնապես չի հուզում: Նա իրեն համարում է մտավորական, իսկ ինչպես հայտնի է՝ մտավորականը երկու ճանապարհ ունի` կամ վեր է իշխանության քմահաճույքներից, կամ ստրուկ է դրանց: Սիմոնյանի գործունեությունն ինքնին պատասխանն է այն հարցին, թե վերոնշյալ տեսակներից որին է պատկանում անձամբ ինքը:
Ստեղծված իրավիճակի մեջ Սիմոնյանի համար բոլորը մեղավոր են՝ ուսանողից մինչև Սորոս, ի դեպ, այն նույն Սորոսը, ումից 1997թ.-ից ի վեր՝ ծրագրերի համար ԵՊՀ-ն ստացել է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այս գումարի մեջ ներառված չեն ԵՊՀ ուսանողների՝ կոնֆերանսների մասնակցելու, ուսման վճարների և բազմաթիվ այլ ծրագրերի համար Սորոսից տրված գումարները։ Ինչպես երևում է՝ Սորոսից ստացված փողերը դասավանդվող առարկաների ցանկն ընդլայնելու և ուսանողների տարրական հիգիենայի կարիքները հոգալու համար էլ չեն ծախսվել, եթե երկրի թիվ մեկ ԲՈՒՀ-ի դիմաց արդեն զուգարանի թղթի բարեգործական ակցիաներ են կազմակերպվում: Այդ դեպքում՝ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչի՞ մեջ է խրվել Մայր ԲՈւՀ-ը՝ Արամ Սիմոնյանի ապաշնորհ կառավարման արդյունքում, և գուցե ժամանակն է, որ ԵՊՀ ղեկավար կազմում գերակշռի մտավորականների առաջի՞ն տեսակը..
Ստելլա Խաչատրյան