Սերժ Սարգսյանը չպետք է 3-րդ ժամկետով նախագահի. Մանե Թանդիլյան

«Մենք գտնում ենք, որ որևէ պարագայում Սերժ Սարգսյանը չպետք է երրորդ ժամկետով նախագահի, այս պարագայում՝ վարչապետություն վերցնի, «Ելք» դաշինքում բոլորը համակարծիք են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու հարցում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումներից:
«Այսօր ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնք ըստ էության ավելի են ամրապնդում վարչապետի լիազորությունները և մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչի մասին խոսվել է Սահմանադրության փոփոխությունները կատարելուց առաջ, այդ իմաստով չի արվում: Վարչապետի լիազորությունների մեծացումը չի տանում Հայաստանին խորհրդարանական կառավարման: Սահմանադրությունը ձևափոխվում է և մատուցվում հանրությանն այն տեսքով, որ վարչապետական երկիր ենք դառնում, խորհրդարանական դառնալու փոխարեն: Ըստ էության՝ իրավունքը չի գերակայում մեր երկրում որպես օրենքների հիմքում ընկած հիմնարար դրույթ, որից պետք է բխեն օրենքները»,- ասաց Թանդիլյանը:
Դիտարկմանը՝ ակնհայտ է, որ ունենալով մեծամասնություն՝ Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարում դառնալ վարչապետ, ի՞նչ են իրենք կազմակերպում դրա դեմ, պարզ չի՞ արդյոք, որ միևնույն է՝ չեն կարողանալու դեմն առնել՝ Թանդիլյանը պատասխանեց. «ԱԺ-ում ստեղծված իրավիճակն իսկապես շատ քիչ տեղ է թողնում այլ բան անելու համար, բայց միևնույն ժամանակ գտնում ենք, որ ՀՀ-ի համար, որպես ժողովրդավար պետություն, ընկալելի և ընդունելի չէ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը: ՀՀԿ-ն այդքան կամք պետք է ունենա և հասկանա, որ այս ճանապարհով պետությունը տանել չի կարելի»,- նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը չի խոչընդոտում «Ելք» դաշինքը կուսակցություն դարձնելուն. «Մենք խոստացել ենք հանրությանը՝ մեկ կուսակցություն դառնալու շուրջ բանակցություններ վարելու: Այն աշխատանքը, որ մենք կատարում ենք 3 կուսակցություններով՝ դաշինքի մեջ, դաշինքի ֆորմատով, հենց այդ պրոցեսն է, որն ի վերջո պետք է բերի տրամաբանական հանգուցալուծման՝ «Ելք»-ը մնում է դաշի՞նք, թե՞ դառնում է կուսակցություն:
3 առանձին կուսակցություններն ունեն տարբեր ճանապարհային քարտեզ և մոտեցումներ տարբեր խնդիրների լուծման համար, և բնական է, երբ 3 հավասար ուժեր բանակցում, քննարկում և գալիս են ընդհանուր հայտարարի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առանց այդ բանավեճերի՝ դաշինքը վաղուց լճացած կլիներ: