40 տարի է՝ դպրոցական պայուսակների քաշի հարցը չի լուծվում
Քաղաքական«Արդեն 40 տարի է, ինչ դպրոցական դասագրքերի ծանրության խնդիրը հանրակրթական համակարգի համար 1 խնդիրն է։ Հարուստ երկրները խնդիրը փորձում են լուծել՝ երկու բազա ստեղծելով՝ մեկ դասագիրքը տանը, մեկը՝ դպրոցում: Մյուս ճանապարհը դասագրքերը մանրացնելն է` ըստ թեմաների, այսինքն՝ երեխան ինչ դասագիրք դպրոց է տանում, նրան դպրոցում պետք է դասագրքի 3 էջը: Սակայն դասագրքերը մանրացնելը եռակի ծախս է առաջացնում` դասագրքերի հրատարակության առումով: Մյուս տարբերակը էլեկտրոնային կրթությունն է, երբ երեխաները PDF-ով կարողանան ունենալ դասագրքերը՝ պլանշետային ուսուցման անցնելու համար: Սակայն սա էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում. այն երկրներում, որոնք անցել են պլանշետային ուսուցման, բացարձակ մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով դպրոցական պայուսակների ծանր քաշի խնդրին։
Նախարարի խսքով՝ ծնողները ևս մեղավոր են, քանի որ երեխաների պայուսակների մեջ, բացի գրքերից՝ տեղավորում են նաև այլ, ոչ անհրաժեշտ առարկաներ․ «Մենք հաշվել ենք, որ եթե երեխաներն իրենց պայուսակում միայն իրենց գիրք ու տետրը տանեն, նրանց պայուսակը թեթև կլինի»,- ասաց նախարարը:
Նշենք, որ, ըստ առողջապահության նախարարության ուսումնասիրության, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար՝ 1,5 կգը, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգը, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգը, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգը, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգը:
Նախարար Մկրտչյանը նաև խոսեց նախակրթարանների ուղղությամբ կատարվող ներդրումների մասին և նշեց, որ 235 հազար դոլարին համարժեք դրամ ներդրում կիրականացվի 20 նախակրթարանում։ «2017 թվականին մենք կարողացանք փոփոխել նախադպրոցական հաստատությունների իրավական փաթեթը և շատ արդյունավետ շարունակում ենք նախակրթարանների ծրագիրը»,- ասաց նախարարը։