«Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում. սա կատետրի հետևանքն է». ԲԿ-ի տնօրենը, սակայն, այլ պատճառ է նշում (լուսանկարներ)
ОбществоԵրեկ Արմինե Եղիազարյան-Կոբելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ ցույց տալով իր 2 տարեկան փոքրիկի ձեռքի վնասվածները: Ծնողները մեղադրում են «Սուրբ Աստվածմայր» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ պնդելով, որ վնասվածքն առաջացել է կատետրը օրեր շարունակ երեխայի ձեռքին թողնելու հետևանքով:
ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց «Սուրբ Աստվածմայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ: Մեզ հետ զրույցում Դալլաքյանն ասաց, որ երեխայի մոտ առկա է ալերգիկ ռեակցիա.
«Ծնողները քիչ առաջ երեխայի հետ միասին հիվանդանոցում էին: Մենք տեսանք, որ երեխայի մոտ կա մաշկի բորբոքում: Երեխայի մոտ՝ բուն երակի մեջ տեղադրված կատետրի հետ կապված բարդություններ չեն եղել, այսինքն՝ երակի բորբոքում կամ ենթամաշկային այս կամ այն դեղի թափանցում: Երեխայի մոտ մաշկային փոփոխությունները ի հայտ են եկել կպչուն սպեղանու՝ լեյկոպլաստիրի պատճառով: Կոնտակտային դերմատիտ է եղել՝ մաշկի կոնտակտային բորբոքում ՝ պայմանավորված կպչուն սպեղանու հանդեպ երեխայի գերզգայնությամբ:
Եթե կատետրը նորմալ աշխատում է, բորբոքում չկա դրա շուրջ, բնականաբար, կպչուն ժապավենը, որը ֆիքսում է կատետրը, ամեն րոպե չի հանվում, դրվում: 3 օր կատետրը ֆիքսած է եղել, երբ կպչուն ժապավենը հանել են, տեսել են, որ մաշկային խնդիր է առաջացել»,- նշեց «Սուրբ Աստվածմայր» ԲԿ-ի տնօրենը:
Նրա խոսքով՝ երեխան սպիտակամորթ, նուրբ մաշկով երեխա է, որի մոտ ռեակցիան փոքր-ինչ ավելի արտահայտված է:
«Ծնողերի հետ էլ ենք զրուցել, համապատասխան բուժում ստանալու արդյունքում վնասվածքը ժամանակի ընթացքում կանցնի: Տեղային բուժում է անցկացվելու, որը կբերի ապաքինման»,- ասաց Դալլաքյանը:
Ստորև ներկայացնում ենք Արմինե Եղիազարյան-Կոբելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կորեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել: Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է 2-րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ: Վերջին 2 օրը ասում էի փոխեք կատետրը, ասում էին, նորմալ ա, բան չկա:
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը....»:
Սոնա Հարությունյան