Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան
Արտաքին ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի հայտարարությունում նշված է․
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
«Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասաց Հախվերդյանը:
Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: