Երևանում բժշկական սարքավորումների վաճառքի կենտրոնից գողացել են շուրջ 3 միլիոն դրամ, ոսկու ձուլակտորներ և բանկային քարտ (տեսանյութ)
ВидеоՀՀ ոստիկանություն փետրվարի 12-ին ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցում գտնվող բժշկական սարքավորումների սպասարկման և վաճառքի կենտրոնից գողություն է կատարվել:
Անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են սենյակներից մեկի պատուհանը և գողացել շուրջ 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ: Նույն օրը բանկային քարտից կանխիկացրել էին 700 հազար դրամ:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական և Մալաթիայի բաժինների ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ գողությունը կատարել է 60-ամյա Սամվել Հարությունյանը, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ոստիկանական ծառայողները պարզել են, որ գողության պահին Հարությունյանը մենակ չի եղել, նրան օժանդակել է 61-ամյա Գուրգեն Ավագյանը, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: