Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողով
NKՍտեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում փետրվարի 23-ին կազմակերպվել է «Արցախյան շարժումը և անկախության շրջանի մեր նվաճումները» խորագրով գիտաժողով՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, արցախյան շարժման ակտիվիստ Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Արցախյան ազատագրական շարժումը նոր որակ է մտցրել հայ ժողովրդի գոյապայքարում: «Այդ գոյապայքարը հին արմատներ ունի, և այն սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանը բզկտվել է մեծ տերությունների միջև: Առաջին համաշխարհային պատերազմը թողել է բավականին բացասական հետևանքներ. մասնատված մեր երկիրն ամբողջական տեսնելու գաղափարը հանգիստ չէր տալիս հային: Որպես շարժման ակունքներում կանգնած մտավորական՝ ես կարծում եմ, որ Արցախյան գոյապայքարը դեռևս չի ենթարկվել գիտական համակարգված վերլուծության: Այդ ուղղությամբ եղել են փորձեր, արվել են քայլեր տարբեր մակարդակներով, բայց դրանք ամբողջական տեսքի են բերվել»,- ասել է Վարդան Հակոբյանը և ցավով նշել, որ հայ ժողովրդի պատմական նստաշրջանի փաստաթղթային փաթեթն այսօր անհետացած է:
Համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Հարությունյանը, հանդես գալով «Ուսանողությունը արցախյան շարժման համատեքստում» թեմայով ելույթով, ասել է. «Արցախի սոցիալ-քաղաքական վիճակի համար անհրաժեշտություն էին երիտասարդական, առավել ևս՝ ուսանողական հավաքական նախաձեռնությունները, ինչպես նաև նրանց ակտիվ մասնակցությունը սոցիալական գործընթացներին: Ուսանողությունն է, որ ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման գործում: Այդ օրերին գաղափարական պայքարի հորձանուտում էին մայր բուհի դասախոսներն ու ուսանողները. նրանք ակտիվ մասնակցություն ունեցան հանրահավաքներին, ցույցերին, դասադուլներին: Նրանք իրենց ելույթներում, մարզային-շրջանային թերթերում հրատարակած հոդվածներում խստորեն մերկացրել են ադրբեջանական կեղծարարներին՝ Արցախն ադրբեջանական տարածք հռչակելու նրանց ստահոդ վարկածին հակադրելով պատմական ճշմարտությունը: Ուսանողները հիմնավորում էին պատմական այն անհերքելի փաստերը, որ Արցախը դարերի ընթացքում դիմագրավել է տարբեր փորձությունների, գոյատևել որպես Հայաստան աշխարհի մի մաս: Այս անգամ ևս, իրենց խոսքին հավատարիմ, ընտրել են ազատագրական պայքարի ուղին՝ հանուն այսօրվա ազատության, անկախության, ազգային համախմբման և միասնության»:
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն էլ, ներկայացնելով «ԱՀ երիտասարդության իրավագիտակցության դերն իրավական պետության կառուցման գործում» թեման, ցուցադրել է Արցախի երիտասարդների շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Այնուհետև Արցախյան շարժման մասին ելույթներով հանդես են եկել Գրիգոր նարեկացի համալսարանի դասախոսները և պատասխանել ներկաների հարցերին: