«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգով ֆիզիկական անձինք ազատվում են մաքսային միջնորդներին վճարում կատարելուց
EconomyՊետեկամուտների կոմիտեի կողմից «Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որի շնորհիվ ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը: «Այս համակարգի ներդրման արդյունքում այսուհետ ձևակերպումներն իրականացնում են մաքսային ծառայողներն՝ առանց լրացուցիչ վճարի: Մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով գործարկվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը»,-նշեց պաշտոնյան:
Սամվել Ավետիքյանը հայտնեց, որ 2018-ին նախատեսում են ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: Գործարկվելու են ՊԵԿ-ում կիրառվող էլեկտրոնային կշեռքների, ռենտգենային դիտարկման սարքավորումների տեսապատկերների մշակման և վերլուծության կենտրոնացված համակարգերը, ինչպես նաև առցանց տեղորոշվող (GPRS) միջոցների կիրառման մեխանիզմը: «Նորույթներից է լինելու նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրումը, նախնական տեղեկատվության ներկայացումը: Գործարկվելու է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգը: Մաքսային մարմիններում տեսադիտման, հերթերի սպասարկման հնարավորություն է ապահովվելու, իսկ Petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվելու է երրորդ երկրներից ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը»,-հայտնեց ՊԵԿ փոխնախագահը: