Արդարադատության սով է․ հերթական անգամ ՄԻԵԴ-ին կվճարենք հազարավոր եվրոներ
SocietyԿառավարության մարտի 6-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է 2018 թվականի պետական բյուջից գումար հատկացնելու որոշման նախագծին։
Հերթական անգամ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Կառավարության ղեկավարին կխնդրի պետական բյուջեից հատկացնել գումար, այս անգամ՝ 48 000 եվրոյին համարժեք դրամ՝ ՄԻԵԴ դիմած և դատը շահած 4 դիմումատուներից յուրաքանչյուրին 12000 եվրո վճարելու համար։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Հայաստանում տիրում է արդարադատության սով, չկա առհասարակ հավատ արդարադատության նկատմամբ, դրա համար էլ ականատես ենք լինում նման դեպքերի․ «Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է վճարել գումարներ՝ դատը շահած քաղաքացիներն։ Ցավալի է, որ դատավորի կայացրած անօրինական վճռի համար մենք՝ հարկատուներս ենք վճարել և վճարում մեր գրպանից, ցավալի է նաև այն, որ մեր դատական համակարգը նման անկատար վիճակում է»,-ասաց նա։
Կիվիրյանի խոսքով՝ թեև ՄԻԵԴ-ում հերթական պարտություններ չգրանցելու համար առաջարվում էր որպես լուծման եղանակ՝ փոխհատուցումը պետական բյուջեից վճարելու փոխարեն՝ գանձել անձամբ վճիռը կայացնող դատավորի գրպանից, սակայն քաղաքակիրթ աշխարհն այս հարցում գնում է առավել խորքային լուծումների․ «Մենք պետք է նման վճիռներ ունենալու պատճառները հասկանանք, մենք պետք է սկզբնաղբյուրը գտնենք։ Օրինակ՝ եվրոպական երկրների պառլամենտներում ցուցումները էին տրվում պետական մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը, որպեսզի պարզեն նմանատիպ անօրինական դատական ակտերի կայացման պատճառները։ Այսինքն, պետական մակարդակով իրականացնում են քայլեր։ Ստացվում է՝ ՄԻԵԴ-ում չպարտվելու հարցը դրված է նրանց օրակարգում, և պետությունն անում է հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն անօրինական դատական ակտերը»,-ասաց իրավաբանը՝ նշելով, որ Հայաստանն ունի համապատասխան գործիքակազմ՝ արդարադատության ոլորտում մեր ունեցած այս լուրջ բացը լրացնելու և անօրինական դատական վճիռները նվազագույնի հասցնելու համար․ «ՄԻԵԴ-ում պարտված դիմումներ չունենալու հարցը օրակարգ բերելու համար մեր երկրում առկա միջոցները բավարար են»,-նշեց փաստաբանը։
Խոսելով նորընտիր Բարձրագույն խորհրդից իր սպասումների մասին՝ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ԲԴԽ-ից մեծ սպասելիքներ չունի, քանի որ դրա բացակայությունը չէ պատճառը, որ մենք ՄԻԵԴ-ում ունենում ենք այսքան շատ պարտված դիմումներ․ «Իրադարձություններից առաջ չընկնելով, սակայն՝ պետք է ասեմ, որ թող նորընտիր անդամներն աշխատեն և կարողանան ապացուցել հասարակությանը, որ կարող են դրական փոփոխություններ բերել արդարադատության ոլորտում»,-խոսքը եզրափակեց փաստաբանը։
Աղավնի Սուքիասյան