Երևանում կբացվի «IRNA»-ի, Թեհրանում՝ «Արմենպրես»-ի ներկայացուցչություններ
ՀայաստանԻրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մարտի 10-ին հանդիպել է «IRNA» լրատվական գործակալության նորանշանակ տնօրեն Զիյա Հաշեմիի հետ:
Ինչպես տեղեկացրին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից, ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հաշեմին ջերմորեն վերհիշել է մի քանի տարի առաջ Երևան կատարած իր այցը՝ որպես Թեհրանի համալսարանի դասախոս: Խոսելով իրանահայ համայնքի մասին՝ նա բարձր է գնահատել համայնքի ներկայացուցիչների ունեցած դերն Իրանում:
Ընդգծելով գիտության ոլորտում Հայաստանի ունեցած բարձր մակարդակը՝ Հաշեմին կարևորել է գիտական համագործակցության զարգացումը:
Նա նաև անդրադարձել է մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությանն՝ իր պատրաստակամությունը հայտնելով «IRNA»-ի հնարավորությունները ծառայեցնել ի նպաստ Իրանում Հայաստանի մասին տեղեկատվության տարածման և իրազեկվածության մակարդակի բարձրացման:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Թումանյանն իր գոհունակությունն է հայտնել «IRNA»-ի հետ հաստատված աշխատանքային համագործակցության կապակցությամբ: ՀՀ դեսպանն անդրադարձել է 2017 թ. հոկտեմբերի 21-ին Թեհրանում ստորագրված «Արմենպրես»-ի և «IRNA»-ի միջև համագործակցության հուշագրին՝ նշելով, որ կողմերը հստակ քայլեր են ձեռնարկում դրա իրականացման համար:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հետևողականորեն շարունակել երկու երկրներում փոխճանաչողության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Երևանում «IRNA»-ի և Թեհրանում «Արմենպրես»-ի ներկայացուցչությունների բացման հարցը: