Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը՝ Լիբանանում
ПолитическиеՎարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է գալիս ելույթով Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության և Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար:
«Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը: