Շքեղ կյանքի սովոր դատախազները 500 դրամով բնակարան կվարձեն
PoliticalԿառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում ընդգրված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգին և չափին։
Ըստ որոշման նախագծի՝ դատախազն օրենքով սահմանված փոխհատուցման չափը ստանալու համար զեկուցագիր պետք է ներկայացնի Գլխավոր դատախազին և զեկուցագրին էլ կցի բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:
Բարձր աշխատավարձ ստացող մեր դատախազները, որոնց, ի դեպ, անցյալ տարվա բյուջեից հատկացվեց 316 միլիոն դրամ՝ որպես խրախուսանք, կստանան փոխհատուցում՝ Երևան քաղաքում բնակարան վարձելու համար՝ 1500-2250 դրամ, այլ քաղաքներում՝ 800-1200 դրամ, այլ բնակավայրերում՝ 500-700 դրամի չափով։
Հարցն այստեղ այն չէ, թե ինչու է պետությունը պետական բյուջեից գումար հատկացնում դատախազին բնակտարածքով ապահովելու համար, այլ այն, թե, օրինակ, 500-700 դրամանոց կեցավայրում ինչպես է աշխատելու բարձր աշխատավարձ ստացող, շքեղ բնակարան կամ բնակարաններ ունեցող դատախազը։
Նշենք, որ փոխհատուցում նախատեսված է հատկացնել ոչ միայն դատախազներին, այլ նաև քննիչներին, ովքեր գործուղման ժամանակ, եթե չունեն տվյալ տարածքում բնակարան, կստանան 500-ից մինչև 2250 դրամ փոխհատուցում։
Հետաքրքրական է, որ Արդարադատության նախարարության համոզմամբ՝ պետական բյուջեից դատախազի և քննիչների բնակվարձի փոխհատուցումը կնպաստի դատախազի և քննիչի նյութական երաշխիքների ապահովմանը։
Եվ որպեսզի Կառավարությունը կարողանա ապահովել մեր դատախազներին և քննիչներին օրավարձով բնակարաններով, պետական բյուջեից կհատկացվի 16.425.000 ՀՀ դրամ:
Նշենք, որ դատախազների նվազագույն աշխատավարձը սկսվում է 264 հազար դրամից։
Աղավնի Սուքիասյան