«Ռեկետը» սկսվե՞լ է
AnalyticalԱրդեն հայտնի է, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ցանկանում է պարտադիր դարձնել ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի համար վկայագիր ունենալը: Նախաձեռնությունը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնինն է: Այն, ինչպես հայտնի է՝ իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ շուկայում գործող սուբյեկտների նկատմամբ: Այժմ գազալցակայաններում գազի լիցքավորման հարցերը կարգավորելու համար սեղանին է դրվել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կարգավորելու է նախկին օրենսդրության մեջ առկա բացերը և նպատակ ունի նվազագույնի հասցնել հայտնաբերված խախտումները: Գազալցակայանների աշխատանքների կանոնակարգման մասին դեռ անցած տարվա նոյեմբերից խոսում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիմա կարծես թե խոսքերից անցում են կատարում գործերի՝ օրենքը խստացվում է:
Առաջարկվող նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունների անունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել՝ ինքնաշեն տեղադրումների քանակը հասցնելով նվազագույնի: Սա նշանակում է, որ ոլորտի կարգավորման անվան տակ կսահմանափակվի գազաբալոններ տեղադրող ընկերությունների թիվը, ինչը ինքնին տանելու է խոշորացման, ասել է թե՝ նոր մենաշնորհի հաստատմանը: Պարզ է , որ նախագծով սահմանված «բարձր չափանիշներին» համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը կարող է մեկնաբանվել սուբյեկտիվորեն: Արդյունքում, ավանդաբար օրենսդրական փոփոխությունների հետևանքով՝ տուժելու են «մանրերը», ինչպես նաև վարորդները, ովքեր այս պարագայում պետք է հավելյալ վճարեն գազաբալոնների տեղակայման և համապատասխան արտոնագրերի ձեռքբերման համար: Սա նոր հարված է հայաստանցիների գրպանին և անգամ հավաստիացումները, թե գազաբալոններ տեղադրող ընկերությունների սահմանափակումը կբերի անվտանգության աճի՝ հիմնավոր կասկածներ է առաջացնում:
Օրենսդրական այս մահակը կամ «զսպաշապիկը», ուղղակի թե անուղղակի, վերաբերվում է նաև ԱԳլՃկ-ի աշխատանքների կանոնակարգմանը: Հասկանալի է, որ ներքաղաքական վերդասավորումների ակտիվ շրջանում գազալցակայանների մեծահարուստ սեփականատերերին զգոնացնելը որոշակի տնտեսական-քաղաքական նպատակ կարող է հետապնդել: Բայց դա չի նշանակում, որ այս «ռեկետի» գլխավոր թիրախը հենց օլիգարխներն են: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել, ինչն էլ ամբողջությամբ տեղավորվում է մենաշնորհների վերաբաշխման տրամաբանության մեջ:
Տարիներ շարունակ մամուլն արձանագրել է, որ հեղուկ գազով լիցքավորված շարժական լցակայանները օրենքի խախտումներով են շահագործվում: Նորություն չէ նաև այն, որ շատ դեպքերում դրանք այլ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով են շրջում փողոցներում: Որքան էլ զարմանալի է, սակայն բազմաթիվ հրապարակումները նախկինում պատկան կառույցների կողմից «ուշադրության» չեն արժանացել: Հավանաբար այն պատճառով, որ նախկինում դրանց իրական տերերին «կպչել» հնարավոր չէր: Բայց, ինչպես երևում է, հիմա վերևից իջեցված հրահանգը հասել է ինչպես իշխանությունների յուրայիններին, այնպես էլ գազի բիզնեսով զբաղվողներին: Գաղտնիք չէ, որ գազալցակայանները մեր երկրում պատահական մարդկանց չեն պատկանում:
Ընդ որում՝ դրանց տերերին կարելի է հանդիպել ինչպես իշխանական, այնպես էլ, այսպես կոչված՝ ընդդիմադիր ճամբարում՝ Սամվել Ալեքսանյան, Բարսեղ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Հովիկ Աբրահամյան: Բնական է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հալած յուղի պես չի անցնելու՝ լինելու են դժգոհողներ և նրանք, ովքեր ատամներով են պաշտպանելու իրենց բիզնես շահերը: Ընդ որում, նրանց համար, ովքեր այսօր այս կամ այն կերպ իշխանության մեջ են կամ մոտ՝ ավելի շատ հնարավորություններ ունեն պաշտպանվելու, քան իշխանությունից «հեռացվածները»: Նման օրենսդրական փոփոխությունը մեսիջ է, որ վերջիններս պետք է իրենց գլխի ճարը ինքնուրույն տեսնեն: ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել, կամ վերաբաշխել առկա մենաշնորհները:
Ստելլա Խաչատրյան