Կարեն Կարապետյանի պատասխանը՝ ՀՀԿ-ին
АналитическийՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից մեկ անգամ ևս կրկնեց Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին ուղղված իր անուղղակի մեղադրանքը, ներդրումների բացակայությունը և բիզնեսի անվստահությունը պայմանավորելով ներքաղաքական անորոշությամբ: Կարապետյանը վերահաստատեց 2017-ի դեկտեմբերին իր հարցազրույցի ընթացքում հնչեցրած հիմնական միտքը՝ «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»: Այստեղ թերևս պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե հատկապես որ կապիտալը և որ մարդիկ են այդքան ծանր տանում Հայաստանում առկա ներքաղաքական անորոշությունը: Կարապետյանը խոսում է ռուսակա՞ն կապիտալի մասին, թե՞ արևտմյան: Եվ ի՞նչ է ցանկանում այդ կապիտալը ի վերջո. ո՞ւմ օգտին է ցանկանում տեսնել իրավիճակի հանգուցալուծումը: Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, Կարապետյանի հայտարարությունն ընդամենը ձախողման սլաքներն իրենից Սարգսյանի և ՀՀԿ կողմը թեքելու փորձ է:
Հասկանալի է, որ հենց սա էր լինելու Սերժ Սարգսյանի գլխավոր խաղաքարտը, այն փաստը, որ Կարապետյանը խոստացավ ներդրումներ, սակայն դրանց սպասելիս հանրության աչքը ջուր կտրեց: Իսկ Կարեն Կարապետյանի խնդիրն այժմ հենց դա է՝ հնարավորինս հեռացնել պատասխանատվությունն իր վրայից եւ տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ, թեկուզ տպավորությամբ, որ նա ավելի ուժեղ է եւ հաղթում է: Ի վերջո, Կարապետյանը լավ է պատկերացնում, որ ներիշխանական իրական քաղաքականության ռեժիմում ընկալումն ու տեղեկատվությունը բոլորովին այլ է, եւ այնտեղ շատ ավելի հստակ ու կոնկրետ են պատկերացնում իրավիճակը:
Կարեն Կարապետյանն իրեն թույլ է տալիս մենեջերի կարգավիճակից դուրս չգալու եւ անգամ տանուլ տվողի տպավորություն թողնելու շռայլություն՝ լավ պատկերացնելով, որ խնդրի լուծումը ոչ թե հասարակության, այլ իշխանության ներքին դաշտում է, իսկ ներքին դաշտում առանցքային սուբյեկտները լավ են պատկերացնում իրերի վիճակը: Հայաստանը դասական խորհրդարանական երկիր չէ, և շատ բան կախված է ոչ այնքան անդեմ խորհրդարանական մեծամասնությունից, որքան պետության առաջին դեմքից: Պոտենցիալ ներդրողները տեսնում են, որ Կարապետյանն իշխանության համար կռիվ տվող չէ, իսկ այս պարագայում Հայաստանում փող դնելը դառնում է նույնիսկ արկածախնդրություն, որովհետև նույն ՀՀԿ-ի հետ ավելի շատ նույնանում է մենաշնորհի խորհրդանիշ Սամվել Ալեքսանյանը, քան «նոր ոգի» Կարեն Կարապետյանը:
Ստելլա Խաչատրյան