Առկա է որակի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտություն
Հայաստան«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է Հայաստանում վաղուց ժամանակն է որակի կառավարման համակարգ ներդնելու: Ըստ նրա` նմանատիպ համակարգ հետխորհրդային երկրներից առկա է միայն Բելառուսում: «Ներկայում հետխորհրդային բոլոր երկրներում սպառողական ոլորտում քաղաքականությունն իրականացվում է այն սկզբունքով, որ մենք ստուգենք անվտանգությունը, իսկ շուկան կկարգավորի ոլորտը: Այս դեպքում որակի հսկողությունը որպես մոդել մղվում է երկրորդ պլան ու շեշտադրումն արվում է անվտանգության վրա: Ամենաշատը սովորելու բան ունենք Բելառուսից, որտեղ հստակ տարանջատվել են ապրանքներն ըստ որակների` բարձր, միջին, ցածր դասի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով` երբ սահմանվեն ապրանքների դասերն ու վերահսկողություն իրականցվի դրանց նկատմամբ, ինքնըստինքյան ապրանքների անվտանգության մակարդակը ավելի բարձր մակարդակի կհասցվի: Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` ապրանքների որակի սահմանումը կազդի նաև գների վրա և սպառողը, ըստ ապրանքի արժեքի կտարբերակի դրանք: «Օրինակ, երշիկի մեջ մսի չափը պետք է 60 և ավելի տոկոս լինի, դրանից ցածր չի կարելի, 60 և 90 տոկոս մսի քանակությամբ երշիկները նույն որակի տակ դիտարկելը սխալ է: Մեկ այլ օրինակ` սոյայի մակնշման առկայությունը խախտում չի համարվում, բայց եթե մեկը սոյա օգտագործում է, մյուսը` ոչ, չի կարելի այդ ապրանքները բերել նույն հարթության վրա»,-հավելեց մեր զրուցակիցը: