Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է (տեսանյութ)
ՏեսանյութերՌԻԱ Նովոստի -ին հաղորդում է, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նաև Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել էր Թրամփը:
Այնուհետև, Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին հարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: