ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Դունյա Միյատովիչին
Արտաքին ՔաղաքականԵվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 18-ին քաղաքավարական հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, ով այդ պաշտոնը ստանձնել է ապրիլի 1-ին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով տիկին Միյատովիչին մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նրան ամենայն հաջողություն մաղթեց իր պատասխանատու պաշտոնում և վստահեցրեց, որ հանձնակատարը վայելում է Հայաստանի իշխանությունների վստահությունն ու համակողմանի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի արձանագրած ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ուրվագծեցին հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Կողմերը պայմանավորվեցին առավել ամրապնդել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և հանձնակատարի գրասենյակի միջև առկա կանոնավոր աշխատանքային կապերը։