Ու՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնում
PoliticalԱպրիլի 17-ից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության միապաղաղ անդորրը խաթարվեց. այն խաթարեց Նիկոլ Փաշինյանն՝ իր ղեկավարած լայնամասշտաբ ընդդիմադիր շարժումով, որի ծանր հրետանին երիտասարդներն են:
ՀՀԿ-ն դեռ չէր հասցրել այս հարվածից ուշքի գալ, մեկ էլ ստացավ երկրորդը. ապրիլի 23-ին՝ երեկ, հասարակական ուժեղ ճնշման հետևանքով, հրաժարական տվեց ՀՀԿ-ի միակ և անփոխարինելի առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը. հրաժարական տվեց՝ իր այդ քայլով կռիվ գցելով անտեր և անթիկունք մնացած հանրապետականների միջև:
Պարզվում է ՝ այս կուսակցության ներսում շատ լուրջ խմորումներ են ծավալվել, որոնք առվել ցայտուն են դրսևորվում հատկապես վարչապետի թեկնածուի հարցում:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի հնաբնակները Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում ցանկանում են առաջադրել նորաձև սթայլով աչք ծակող վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որին, սակայն, հակադրվում են անհնազանդ ու անբռնազբոս երիտասարդները. ՀՀԿ-ի երիտթևի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Վիգեն Սարգսյանն է:
Թե ինչ հանգուցալուծում կստանա այս վեճը, ինչպես կլուծվի թնջուկը, կիմանանք կարճ ժամանակ անց, իսկ մինչ այդ՝ հիշեցնենք, որ երեկվանից անհետացած Սերժ Սարգսյանն այսօր հայտնվել է և հրատապ կարգով հրավիրել «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստ:
Հավելենք նաև, որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը հրավիրվել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հանրապետականների նախաձեռնությամբ. նրանք պարտավորեցրել են Սերժ Սարգսյանին գալ և մասնակցել Գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ հայտնել են, որ ընդդիմադիր շարժման հովանավորի և ֆինանսավորողի դերում իրենք կասկածում են Կարեն Կարապետյանին:
Ըստ հանրապետականների՝ հենց Կարեն Կարապետյանն է «Գազպրոմի» փողերով սաղմնային փուլում գտնվող ընդդիմադիր շարժումը ֆինանսավորել և հասցրել այս մակարդակի: