Աղվան Վարդանյանի «մտահոգության» իրական պատճառը
AnalyticalԵրեկ, ԱԺ-ում, ՀՅԴ խմբակցության կողմից իրականացված «միասնական» քվեարկությունը ոչ պակաս սկանդալային ստացվեց, քան նրանց նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ինը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, հղում անելով իրեն տոչորող անհանգստությանը և մոտալուտ ողբերգության կանխազգացմանը, որոշեց չտալ իր ձայնը վարչապետի՝ «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին, ինչով առաջացրեց ոչ այնքան հասարակության (հասարակությունը վաղուց է դադարել զարմանալ այս կուսակցության էլիտայի քայլերից), որքան իր կուսակից ընկերների զարմանքը, ՀՅԴ-ին դնելով, մեղմ ասած՝ անհարմար իրավիճակում: Թե ինչ ողբերգության կանխման մասին էր մտորում Վարդանյանը՝ այնքան էլ հասկանալի չէ, գուցե նա զգում էր մոտալուտ ողբերգությունը անձամբ իր համար և ոչ թե համաժողովրդական շարժման կտրվածքով, հատկապես, որ ժողովրդի դարդն ու ցավը Աղվան Վարդանյանին երբեք էլ առանձնապես չեն մտահոգել:
ՀՅԴ խմբակցության քարտուղարը նախընտրեց զրկվել մանդատից, որովհետև, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ նախկին կոալիցիոն գործընկերները Վարդանյանի «դեմն» էին դրել նրա անցած «փառապանծ» քաղաքական ուղին և այն սայթաքումները, որոնք թույլ է տվել այդ ուղին անցնելիս: Մեկ փաստ՝ պատմության բացահայտված էջերից. 2008թ. մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի ստուգման ընթացքում ԱԺ Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ էր հայտնաբերել: 2002-2006թթ. ծրագիրն իրականացվում էր կառավարության և Եվրահանձնաժողովի հետ համատեղ: Բնակարաններով ապահովելու համար Եվրահանձնաժողովը տարեկան տրամադրում էր 10 մլն եվրո: Սոցիալական ապահովության նախարարությունը պայմանագիր էր կնքել «Սոկոլ գրուպ»-ի հետ, որ նա մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնի: Արդյունքում՝ 132 բնակարանից գնվել էր 70-ը՝ շուկայականից շուրջ 53 մլն դրամով ավելի թանկ ու անորակ: Միլիոններն էլ մեջ-մեջ էին արել: Ի վերջո, դատախազությունը քրեական գործ հարուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի դեմ: Ընդամենը: Բայց չմոռանանք, որ 2003-2008թթ.-ին Սոցապնախարարությունը ղեկավարում էր ՀՅԴ բյուրոյի անդամ՝ հենց նույն Աղվան Վարդանյանը: Բնակարանային այս թալանի վերաբերյալ Վարդանյանն այն ժամանակ (արդեն նախարար չէր) հանդես եկավ պարզաբանմամբ, իբրև թե ինքն այդ ամենից անտեղյակ է եղել ու նույնիսկ փորձ արեց պաշտպանել «Սոկոլ գրուպ»-ին` ասելով, թե դրական գործեր էլ են արվել: Բայց ո՞վ կհավատա անմեղ թագավորի ու խարդախ վեզիրի հեքիաթին: Այդ ո՞ր ենթական կարող է առանց իր ղեկավարի իմացության՝ խաղալ այդքան միլիոնների հետ: Եվ սա միայն սառցաբեկորի գագաթն է: Գուցե երեկ Աղվան Վարդանյանի սիրտը մոտալուտ ողբերգություն էր կանխազգում հենց այն պատճառով, որ որոշ ուժեր ակնարկել են՝ սառցաբեկորը կարող է հալվե՞լ…
Ստելլա Խաչատրյան