Ռուսաստանը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում. Զախարովա
RussiaՌուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակություն է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անտարակույս, այդ խնդրում մենք շատ հետեւողական ուղեգիծ ունենք եւ ընդհանրապես դրանից չենք ընկրկում, ուստի կողմերին օժանդակություն ենք ցուցաբերելու նաեւ այսուհետեւ: Բայց, մեկ անգամ էլ եմ ասում, հարկավոր է սպասել Հայաստանի քաղաքական իրադրության կայունացմանը»,- ընդգծել է Զախարովան:
Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը չընտրեց վարչապետ՝ ձայների 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ (անհրաժեշտ էր 53 կողմ ձայն): ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Երկրում ընթացող ակցիաներն ու ցույցերը կրել են բացառապես խաղաղ բնույթ՝ լինելով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար հավատարմագրվել էր մոտ 100 միջազգային լրատվամիջոց: