Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները
ՔաղաքականՀայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն նախնական տվյալներով արդեն պարզ է, թե հայ համայնքին հատկացրած վեց պատգամավորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:
«Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից»,-տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Ռամկավար ազատական և Հնչակյան կուսակցությունների առաջադրած թեկնածուները չեն անցել:
Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունն առաջարկել էր 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1: Ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաև վարկանիշային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանյան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիներին ևս մասնակցել քվեարկությանը: Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որից 6-ը հատկացված է հայ համայնքին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 10-ից ավելի կուսակցություն: